ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է «2028» մակագրությամբ մի քանի պատկեր՝ ակնարկելով առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Պատկերներից մեկում ԱՄՆ ղեկավարը դրոշի ֆոնին է՝ «Թրամփ 2028» մակագրությամբ և Make America Great Again («Վերադարձնենք Ամերիկայի նախկին հզորությունը») կարգախոսով գլխարկով։
Մեկ այլ նկար ոճավորված է սարսափ ֆիլմի պաստառի նման. Թրամփը քայլում է կիսախավարում, վերևում «Մղձավանջներ պարգևել թշնամիներին» գրությունն է, իսկ ներքևում՝ «Թրամփ 2028»-ը։ Երրորդ կադրում նա նույն մակագրությամբ գլխարկ է նետում։
Եվս մեկ պատկերում նա կանգնած է հեռուստացույցի մոտ, որով հեռարձակվում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ելույթը։ Իսկ հինգերորդ նկարում նա պատկերված է հրթիռի ֆոնին՝ «Տիեզերական հրամանատար» և «Նոր դարաշրջանն սկսվում է աստղերի միջև» մակագրություններով։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
