Հուլիսի 26-ին տեղի է ունեցել «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025 թ., այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց և ձևավորում տեխնոլոգիական համայնք։

«Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,- ասել է նախարարը։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։

«Վստահ եմ, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ Հայաստանից և «Seaside Startup Summit Armenia 2026»-ից մասնակիցները կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլև նոր գործընկերություններով, գիտելիքով և մեծ նպատակներով»,- եզրափակել է նախարարը։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *