COVID-19-ով հիվանդացած լինելն, ըստ ամենայնի, էական փոփոխությունների չի հանգեցնում օբստրուկտիվ ապնոեի հիմքում ընկած հիմնական ֆիզիոլոգիական մեխանիզմներում։ Սակայն գիտնականները մեկ նկատելի տարբերություն են գտել. կարճատև արթնացումից հետո COVID-19-ով հիվանդացածների մոտ շնչառությունը շատ ավելի է հաճախացել։ Հետազոտությունն անցկացրել են Թուրքիայի Քոչ համալսարանի գիտնականները՝ ԱՄՆ-ի գործընկերների հետ համատեղ։ Դրա արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Medicine գիտական ամսագիրում։
Քնի օբստրուկտիվ ապնոեն առաջանում է, երբ քնած ժամանակ վերին շնչուղիները պարբերաբար նեղանում են կամ ամբողջությամբ փակվում, ինչի պատճառով շնչառությունն ընդհատվում է, և քնի որակն ընկնում է։
Այս վիճակի արտահայտվածության վրա ազդում են մի քանի ֆիզիոլոգիական մեխանիզմներ՝ շնչուղիների կոլապսի (փլուզման) հակումը, թթվածնի և ածխաթթու գազի մակարդակի փոփոխություններին արձագանքելու շնչառական համակարգի կարողությունը, շնչառության խանգարման դեպքում արթնանալու ուղեղի պատրաստակամությունը և շնչուղիները բաց պահելու վերին շնչուղիների մկանների ունակությունը։
Հետազոտողները որոշել են պարզել, թե արդյոք տարած կորոնավիրուսային վարակը կարող է փոխել այդ մեխանիզմները։ Նրանք համեմատել են COVID-19-ի պատմություն ունեցող 60 հոգու և ստուգիչ խմբի 60 մասնակցի։ Խմբերն ընտրվել են՝ հաշվի առնելով տարիքը, սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը և քնի ապնոեի առկայությունը։
Մասնակիցներն անցել են գիշերային պոլիսոմնոգրաֆիկ հետազոտություն, որի ընթացքում գրանցվել են քնի և շնչառության տարբեր պարամետրեր։
Ցուցանիշների մեծ մասով խմբերի միջև տարբերություններ չեն հայտնաբերվել։ Տարած COVID-19-ը կապված չի եղել վերին շնչուղիների կոլապսի հակման, շնչառության վերահսկման կայունության, արթնացման շեմի կամ շնչուղիների նեղացումը փոխհատուցելու մկանների ունակության փոփոխության հետ։
Սակայն մեկ առանձնահատկություն, այնուամենայնիվ, ի հայտ է եկել։ COVID-19-ից վերականգնվածների մոտ կարճատև արթնացումից հետո դիտվել է ավելի արտահայտված օդափոխության (վենտիլյացիոն) արձագանք. նրանց շնչառությունն ավելի շատ է ուժեղացել, քան վարակը չտարած մասնակիցներինը։
Դեռևս հայտնի չէ, թե որքանով է այս տարբերությունը կարևոր կլինիկական տեսանկյունից։ Տեսականորեն շնչառության ուժեղացված արձագանքը կարող է ազդել ապնոեի ընթացքի առանձնահատկությունների կամ դրա բուժման որոշ մեթոդների արդյունավետության վրա, սակայն դա դեռ պետք է ստուգվի հետագա հետազոտություններում։
