«Ութժամյա քնի» կանոնն այնքան էլ ունիվերսալ չէ, որքան ընդունված է կարծել: Հետազոտությունների նոր ակնարկը ցույց է տալիս, որ էլեկտրական լուսավորությունից զուրկ պայմաններում ապրող մարդիկ քնում են օրական միջինում 6,4-ից 7,1 ժամ, այսինքն՝ ոչ պարտադիր ավելի երկար, քան արդյունաբերական երկրների բնակիչները, իսկ երբեմն նույնիսկ ավելի քիչ: Աշխատության հեղինակներն առաջարկում են քունը գնահատել ոչ միայն տևողությամբ, այլև քուն մտնելու ժամանակով, կանոնավորությամբ և բնական լուսային ցիկլի հետ կապով:
Brain Medicine ամսագրում հրապարակված ակնարկը միավորել է մարդաբանական հետազոտությունների տվյալները, պատմական աղբյուրները և գենետիկական ուսումնասիրությունները: Հեղինակներն ընդգծում են, որ սա փորձարարական հետազոտություն չէ, այլ ակնարկային աշխատանք:
Հետազոտողները համեմատել են որսորդ-հավաքիչների երեք ժամանակակից համայնքների տվյալները՝ Հադզան Տանզանիայում, Սանը Նամիբիայում և Ցիմանեն Բոլիվիայում: Նրանց քունը սերտորեն կապված է օրվա ու գիշերվա բնական հերթափոխի հետ և աչքի է ընկնում բարձր կանոնավորությամբ: Ընդ որում, հեղինակները համոզիչ ապացույցներ չեն գտել առ այն, որ այս ժողովուրդները սովորաբար քնում են երկու առանձին փուլերով:
Հետազոտողների կարծիքով՝ արդյունաբերականացումը քունը չի փոխել միայն տևողության առումով: Մարդիկ սկսել են ավելի ուշ պառկել, ավելի անկանոն քնել, ավելի թույլ համասինխրոնացվել բնական լուսավորության հետ, իսկ քնի խանգարումներն ավելի հաճախ են ի հայտ գալիս: Միևնույն ժամանակ, քնի ընդհանուր տևողությունը շատ ավելի քիչ է փոխվել:
Գենետիկական տվյալները նույնպես խոսում են ունիվերսալ նորմայի դեմ: Հետազոտողները դիտարկել են DEC2 (BHLHE41) գենի հազվադեպ տարբերակը, որը կապված է բնական կարճ քնի հետ: Այս տարբերակն ունեցող մի ընտանիքի անդամների մոտ քնի տևողությունը կազմել է մոտ վեց ժամ՝ առանց քնի քրոնիկական պակասի նշանների:
Ըստ հեղինակների՝ սա նշանակում է, որ կանոնավոր կերպով յոթից ութ ժամից պակաս քնող ոչ բոլոր մարդկանց է պետք բուժման կարիք ունեցող (կամ խանգարում ունեցող) համարել։
Հատուկ ուշադրություն է դարձվել օրեքսինին (կամ հիպոկրետինին)՝ նեյրոմեդիատորին, որը կարևոր դեր է խաղում արթուն վիճակի պահպանման գործում: Օրեքսինային համակարգի խանգարումները մարդկանց մոտ կապված են նարկոլեպսիայի հետ, իսկ շների, մկների և նույնիսկ քարանձավային ձկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տալիս, թե որքան հին կարող են լինել քնի և արթնության կարգավորման մոլեկուլային մեխանիզմները:
Այնուամենայնիվ, հեղինակներն ընդգծում են, որ հնագույն օրգանիզմների մոտ քնի կարգավորման հետ կապված գեների առկայությունը դեռևս չի նշանակում, որ այդ օրգանիզմներն իսկապես քնել են:
Եվս մեկ գործոն է դառնում կլիմայի փոփոխությունը: Ակնարկում ներկայացված կանխատեսումների համաձայն՝ արտանետումների բարձր մակարդակի և հետագա ադապտացիայի բացակայության դեպքում տաքացումը 2050-ից 2099 թվականներն ընկած ժամանակահատվածում կարող է ավելացնել ԱՄՆ-ում անբավարար քնով գիշերների թիվը:
