Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր էջում գրառում է տեղադրել՝ ահազանգելով քաղաքային խնդիրներից հերթականի մասին:
«Գյումրու քաղաքային իշխանությունն ամեն օր ավելի է խորացնում կառավարման ճգնաժամն ու քաղաքը վերածում անտերության մատնված տարածքի ընդամենը։
Ոչինչ չի խնայվում ՀՀ կառավարության իրականացրած աշխատանքները ջուրը լցնելու, նպատակային նշանակությունը փոխելու և Գյումրու առաջնթացը կասեցնելու համար։
Պատասխանատուների ամենաթողության և անգործության արդյունքում Հաղթանակի պողոտան վերածվել է փողոցային առևտրի իրականացման վայրի։ Քաղաքի այս հատվածի վերականգնման համար միլիոններ է ծախսվել, որպեսզի գյումրեցին և Գյումրի այցելողներն ունենային արժանապատիվ միջավայր։ Այսօր, սակայն, այն փաստացի զավթել են առևտրականները, օրվա որոշակի ժամերին գարշահոտության և արկղերի ու կայանված մեքենաների պատճառով անգամ տեղաշարժվելն է խնդիր դարձել։
Գյումրին չսիրելու և ավերելու իրենց պատճառներն ունեցողներն օր առաջ պետք է հեռանան՝ արձանագրելով, որ խաբեությամբ իշխանության գալով հանդերձ այդպես էլ չկարողացան իրենց տան մեջ տեր դառնալ»,- ասվում է գրառման մեջ:
