ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կոչով դիմել է իրավաբանների մասնագիտական համայնքներին և ակադեմիական շրջանակներին։
Փաստաթղթերի հրապարակումը հնարավորություն է տալիս ծանոթանալ գործի նյութերին և պատկերացում կազմել, թե ինչպիսին է եղել դատական գործընթացն Ադրբեջանում, ինչ «ապացույցների» վրա է այն հիմնվել և ինչ մեղադրանքների հիման վրա են Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում մնալ անազատության մեջ, քանի որ հրապարակված նյութերի զգալի մասը վերաբերելի է նաև մյուս հայ բանտարկյալներին։
Կոչ եմ անում իրավաբանական ֆակուլտետներին և հետազոտական կենտրոններին այս գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Այս գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից։ Այն առնչվում է արդար դատաքննությանը, արդարադատության որակին, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության առանցքային հարցերին։ Մասնագիտական հանրությունը լուրջ անելիք ունի, և չպետք է թույլ տա, որ առանց ապացույցների մեղադրանքներն ու դատապարտումները դառնան նախադեպ և ստանդարտ պրակտիկա:
