Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացումը Երևանի քաղաքապետարանի ծրագրերի կարևոր մասն է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մետրոպոլիտենի շարժակազմի և օդափոխության համակարգի հետ կապված խնդիրներին։Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ մետրոպոլիտենում երթևեկելը խնդիր է դարձել, քանի որ ուղևորները ստիպված են լինում մի քանի գնացք բաց թողնել, մինչև կարողանում են երթևեկել։Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև օդափոխության համակարգի հետ։Գրիգորյանը նշեց, որ մետրոպոլիտենի շարժակազմը հնամաշ է, և նման խնդիրներ կարող են առաջանալ։ «Ծանրաբեռնվածության մասով ես համաձայն եմ Ձեր ասածի հետ։ Օդափոխության մասով էլ՝ 80-ականներին արտադրված շարժակազմը, բնականաբար, գուցե ժամանակակից ստանդարտներին համապատասխան օդափոխության համակարգ չունենա։ Բայց ոչ միայն մետրոյի, այլև վերգետնյա տրանսպորտի դեպքում անվիճելի է, որ մենք շարժակազմի արդիականացման ենք գնում, և վստահ եմ, որ մետրոն այս առումով ևս բացառություն չի կազմելու»,- ասաց փոխքաղաքապետը։Գրիգորյանը տեղեկացրեց, որ մետրոյի շարժակազմի վերանորոգման և նոր շարժակազմ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ «Մրցույթն արդեն իսկ իրականացվել է, և հիմա Կառավարությունից հենց այդ ֆինանսավորումը ստանալու փուլում ենք, որպեսզի առկա շարժակազմը, որը հնարավոր էր վերանորոգել, վերանորոգվի։ Ինչպես նաև մեր Ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից նոր շարժակազմի ձեռքբերման ուղղությամբ համապատասխան նախագիծն իրականացվում է։ Մետրոպոլիտենի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մաս է»,- նշեց նա։
