Հանրային հեռուստաընկերության եթերում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա:

«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։ Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով մինչև մեր հաջորդ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,- մանրամասնել է առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Նախարարի խոսքով՝ օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի ավելի լայն աշխարհագրությունով։

Հիշեցնենք, որ բնակչի ահազանգից հետո Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել: Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորել են խմելու և կենցաղային նպատակներով չօգտագործել ծորակի ջուրը:

ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած ջուրը կամ շշալցված տարբերակը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *