ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ կոչ անելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին բանակում տեղի ունեցած միջադեպերի լուսաբանման հարցում լինել ուշադիր և չշտապել եզրահանգումների հարցում:

«Չնայած պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս բացատրել է բանակում տեղի ունեցած դեպքերի ճիշտ և պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ դեպքերից ընդամենը ժամեր անց, երբ դեռ ընթանում են քննչական գործողություններ, շտապում են դրանց վերաբերյալ եզրահանգումներ և որակումներ ներկայացնել:

Պաշտպանության նախարարությունը նման գործելաոճն անընդունելի է համարում։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից և հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել զինծառայողի ընտանիքի լավագույն շահերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *