Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Լիսե Նուրդգարդին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու բարձր մակարդակի շփումների ընդլայնումը՝ կարևորելով երկկողմ գործընկերության հետագա խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի շրջանակներում։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Նորվեգիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին և նախանշել այդ ուղղությամբ հետագա փոխգործակցության հեռանկարները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *