«Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար»։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։

«Ռուսական շուկան այդ սահմանափակումները գործնականում չի զգացել ո՛չ տեսականու, ո՛չ էլ գների առումով։ Հիմնական հարվածը, թերևս, բաժին է հասել հայ արտադրողներին, որոնց համար Ռուսաստանը մի շարք ապրանքատեսակների իրացման գրեթե միակ շուկան էր»,- ասել է նա «Ոսկե աշուն» ցուցահանդեսի շրջանակում գործակալությանը տված հարցազրույցում։

Վոստրիկովի խոսքով՝ հայկական արտադրանքի մասնաբաժինը, Ռուսաստանի ներմուծման մեջ կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս։ Հետևաբար սահմանափակումները գրեթե աննկատ են մնացել ռուս սպառողների համար և էական փոփոխություններ չեն առաջացրել գների կամ ապրանքատեսականու առումով։

«Ռոսսելխոզնադզորը»  Հայաստանից որոշ ապրանքատեսակների մատակարարումների սահմանափակումներ է մտցրել 2026 թվականի ամռանը։ Հունիսի 12-ից սահմանափակվել են Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ դրա տարանցումը։ Հունիսի 26-ից սահմանափակումներ են կիրառվել հանրապետությունից ձկնամթերքի ամբողջ տեսականու մատակարարումների նկատմամբ, իսկ հուլիսի 27-ից՝ նաև հայկական կաթնամթերքի։

«Ռոսսելխոզնադզորի»  ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները բացատրել է հայ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։ Նրա խոսքով՝ միջոցառումները պայմանավորված են արտադրանքի անվտանգության հարցերով, այլ ոչ թե քաղաքական պատճառներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *