Ոտքիս շրջանում այրող ցավեր ունեմ ամբողջ օրը, անտանելի է, չեմ դիմանում։ 24News-ի հետ զրույցում ասաց Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանը։
«Թույլ եմ, անտանելի ցավեր եմ ունենում, այրոցներ եմ զգում, տարբեր հիվանդանոցներից բժիշկներ են գալիս, զննում ինձ, ասում են՝ հաջորդ շաբաթ հավանաբար նորից կվիրահատեն»,- ասաց Անի Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի սկզբին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող էր ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել էր դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։
Դեպքից հետո Անի Ավետիսյանը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները։
Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հինգ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք։
