«Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում»:

Այս մասին հոկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է France 24-ը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր երեկոյան ես դիմում եմ ձեզ բացառիկ լրջության պահին՝ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում՝ ինչպես մայրցամաքային տարածքում, այնպես էլ մեր անդրծովյան տիրույթներում:

Հոկտեմբերի 17-ին ծայրահեղ ձախ ռադիկալների խմբերը, որոնց միացան բազմաթիվ իրավախախտներ, աննախադեպ բռնություններ իրականացրին մեր քաղաքների փողոցներում:

Խանութները թալանվեցին, հասարակական շենքերն ու քաղաքապետարանները ենթարկվեցին հարձակումների, դրանցից մի քանիսը ավերվեցին: Մեր իրավապահ ուժերը բախվեցին արտակարգ դաժանության:

Այսօր երեկոյան մենք բոլորս զայրույթ և ամոթ ենք զգում: Անտանելի է տեսնել մեր քաղաքների փողոցները նման վիճակում: Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիները նման կերպ վարվել Ֆրանսիայի հետ:

Ազգի անունից ես իմ աջակցությունն եմ հայտնում մեր ոստիկաններին, ժանդարմներին և անվտանգության ուժերի բոլոր աշխատակիցներին, ովքեր կատարեցին իրենց պարտքը բացառիկ բարդ հանգամանքներում:

Բայց մենք երբեք չպետք է շփոթենք օրինական սոցիալական պահանջներ ներկայացնող քաղաքացիներին նրանց հետ, ովքեր ավերում են, ջարդում և թալանում:

Ես հասկանում եմ ֆրանսիացիների մտահոգությունը կյանքի թանկացման, ինչպես նաև երիտասարդության, ուսանողների և նրանց ընտանիքների առջև ծառացած դժվարությունների հետ կապված: Այս պահանջները պետք է լսելի լինեն:

Այնուամենայնիվ, ոչինչ չի արդարացնում բռնությունը:

Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում: Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը չի նշանակում ոչ թուլություն, ոչ էլ անպաժելիություն:

Ես հանձնարարել եմ կառավարությանը տեղի ունեցածից անել բոլոր անհրաժեշտ հետևությունները, այդ թվում՝ հետախուզական տեղեկատվության, նման իրադարձությունների նախապատրաստման և կանխարգելման հարցերում:

Ես ակնկալում եմ հստակ պատասխաններ: Բոլոր հանգամանքները պետք է պարզվեն լիակատար թափանցիկությամբ:

Պրեֆեկտները քաղաքապետերի հետ համատեղ կայացնելու են անհրաժեշտ որոշումներ մեր քաղաքները, հասարակական շենքերը և ձեռնարկությունները պաշտպանելու համար: Անհրաժեշտության դեպքում այս միջոցները կարող են ներառել առանձին հավաքների արգելք:

Միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք ապահովել, որ քաղաքացիների օրինական պահանջները լսվեն:

Ես հանձնարարում եմ վարչապետին խորհրդակցություններ կազմակերպել քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, երիտասարդության ներկայացուցիչների և այլ հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ առաջարկություններ մշակելու համար:

Կառավարությունը պետք է նաև մոբիլիզացնի օգնությունը անկարգություններից տուժածներին և աջակցություն ապահովի նրանց, ում ձեռնարկություններն ու գույքն ավերվել են:

Ֆրանսիային անհրաժեշտ են կարգուկանոն, հանգստություն և միասնություն: Մենք պետք է պաշտպանենք hանրապետությունը, ապահովենք քաղաքացիների անվտանգությունը և միաժամանակ պահպանենք ժողովրդավարական երկխոսության հնարավորությունը:

Բռնությունը չի կարող որոշել մեր երկրի ապագան:

Մենք պետք է գործենք միասին, պատասխանատու կերպով և վճռականորեն»,- ասել է Մակրոնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *