Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի։ Դատական կարգով ՀԱՍԵ-ն պահանջում է անվավեր ճանաչել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի որոշումը հարկային պարտավորությունների գանձման մասով։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Դեռևս առկա չէ որոշում՝ այն վարույթ ընդունելու մասին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Վաղարշապատի համայնքապետի որոշումը, որը վիճարկում է ՀԱՍԵ-ն, կայացվել է օգոստոսի 6-ին։ Ըստ որոշման՝ ՀԱՍԵ նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել՝ իբրև հարկեր վճարելու պարտականությունը չկատարելու վերաբերյալ։ Վարույթի նյութերից պարզ է դառնում, որ ՀԱՍԵ ներկայացուցիչը բացատրություններ է ներկայացրել՝ նշելով, որ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿԿ-ի անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքում առկա են անհամապատասխանություններ, տեղեկանքում ներկայացված որոշ գույքեր ՀՀ կառավարության որոշման համաձայն ազատված են անշարժ գույքի հարկից, առկա են գույքեր, որոնք կրկնվում են տեղեկանքի տարբեր տողերում կամ առկա չեն անշարժ գույքերը նույնականացնող տեղեկություններ, կամ առկա են այնպիսի անշարժ գույքեր, որոնք հարկային օրենսգրքով են ազատված անշարժ գույքի հարկից կամ տեղեկանքում ներառված են այնպիսի գույքեր, որոնք ՀՀ կառավարության կողմից ետ են վերցվել «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿԿ-ից։ Ինչպես նաև ՀԱՍԵ ներկայացուցիչը ներկայացրել էր փաստաթղթեր՝ թվով 62 գույքի վերաբերյալ։
