Ճապոնիայի կառավարությունը նոյեմբերի 2-ին գործարկել է նոր կառույց, որը համակարգելու է երկրում բնական աղետներին արձագանքելու աշխատանքները և մշակելու դրանց հետևանքները նվազեցնելու միջոցառումներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Աղետների կառավարման ազգային գործակալությունը, որի կենտրոնակայանը կլինի մայրաքաղաք Տոկիոյում, տարածաշրջանային կենտրոններ կստեղծի՝ տեղական իշխանությունների հետ համագործակցությունն ուժեղացնելու և աղետներին, այդ թվում՝ հնարավոր ուժեղ երկրաշարժերին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով։

Գործակալությունը կաշխատի վարչապետ Սանաե Տակաիչիի ղեկավարությամբ։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան մամուլի ասուլիսում հայտնել է, որ վերակառուցման նախարար Գոշի Հոսոնոն միաժամանակ կզբաղեցնի նաև աղետների կառավարման նախարարի պաշտոնը։

Սա 2021 թվականի սեպտեմբերին Թվային գործակալության ստեղծումից հետո առաջին դեպքն է, երբ Ճապոնիայում կառավարության անմիջական ենթակայությամբ նոր գործակալություն է հիմնադրվում։

Նոր կառույցի պատասխանատվության շրջանակում կլինեն ոչ միայն երկրաշարժերը, այլև հորդառատ անձրևներն ու հրաբխային ժայթքումները։

Գործակալությունը պատասխանատու կլինի նաև աղետներից տուժած շրջանների վերականգնման և վերակառուցման համար։ Աշխատանքները կսկսվեն 2024 թվականին երկրաշարժից տուժած Նոտո թերակղզուց և Կումամոտո պրեֆեկտուրայից, որտեղ այս տարվա հուլիսին 7.1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։

Գործակալությունը որպես առաջնահերթ խնդիր կդիտարկի նաև երկրի տարբեր շրջաններում ջրհեղեղների աճող վտանգը։ Դրա հրատապությունը ևս մեկ անգամ ընդգծվել է օգոստոսին Տոկիոյի մերձակայքում գտնվող Չիբա պրեֆեկտուրայում տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնք քաղաքային հեղեղումների պատճառ էին դարձել։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *