Արյան մաքրման նոր տեխնոլոգիաները կարող են բարելավել թունաքիմիկատներով և որոշակի դեղամիջոցներով ծանր թունավորումներ ունեցող պացիենտների բուժման արդյունքները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հեմոսորբցիան՝ հատուկ պոլիմերային քարթրիջների օգնությամբ արյան միջից թունավոր նյութերի հեռացման մեթոդը, կարող է նվազեցնել բարդությունների ռիսկը, կրճատել թոքերի արհեստական օդափոխության տևողությունն ու վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածը:
Առավել հեռանկարային մեթոդներից մեկը հիմնված է սինթետիկ պոլիմերային խեժերի կիրառման վրա, որոնք ունակ են կապել թունավոր նյութերը: Ի տարբերություն ավանդական դիալիզի, որը հիմնականում հեռացնում է փոքր մոլեկուլները, հեմոսորբցիան կարող է որսալ նաև արյան սպիտակուցների հետ կապված որոշ նյութեր:
Սրտանոթային հիվանդությունների բուժման համար կիրառվող կալցիումական անցուղիների պաշարիչներով թունավորման դեպքում 24 պացիենտի մասնակցությամբ անցկացված ոչ մեծ ռետրոսպեկտիվ հետազոտությունը ցույց է տվել, որ հեմոսորբցիա անցած անձանց մոտ լակտատի մակարդակն ավելի արագ է նվազել, իսկ զարկերակային ճնշումը՝ բարելավվել: Այս խմբում 13 պացիենտից մահացել է միայն մեկը: Այդուհանդերձ, ընտրանքի փոքր ծավալը դեռևս թույլ չի տալիս մեթոդը համարել բուժման ապացուցված ստանդարտ:
Առավել հուսադրող արդյունքներ են գրանցվել ֆոսֆորօրգանական միացություններով ծանր թունավորումների դեպքում, որոնք կիրառվում են որոշ թունաքիմիկատների բաղադրության մեջ:
Հարավային Աֆրիկայում 40 պացիենտի մասնակցությամբ իրականացված հետազոտության համաձայն՝ լրացուցիչ հեմոսորբցիայի կիրառումը նպաստել է վերակենդանացման բաժանմունքում գտնվելու մեդիան տևողության կրճատմանը՝ 17-ից հասնելով 10 օրվա, ինչպես նաև նվազեցրել է ատրոպինի պահանջն ու թոքերի արհեստական օդափոխության անհրաժեշտության տևողությունը: Հետազոտողները հայտնել են նաև ծանր բարդությունների, այդ թվում՝ մահվան ելքերի թվի նվազման մասին:
Այնուամենայնիվ, ապացուցողական հենքը դեռևս սահմանափակ է: Հետազոտությունների մեծ մասը կամ փոքրածավալ է, կամ դիտողական բնույթի, իսկ բուժման արձանագրությունները տարբերվում են միմյանցից: Փորձագետները նաև զգուշացնում են, որ տոքսինների էքստրակորպորալ (օրգանիզմից դուրս) հեռացումը կիրառելի չէ բոլոր նյութերի պարագայում. արդյունավետությունը կախված է դրանց քիմիական հատկություններից, օրգանիզմում բաշխվածությունից և բնական ճանապարհով դուրսբերման արագությունից:
Այդ պատճառով հեմոսորբցիան դիտարկվում է ոչ թե որպես օգնության գործող մեթոդների համապարփակ փոխարինիչ, այլ որպես առանձին ծանր թունավորումների ստանդարտ բուժման հնարավոր լրացում։
