Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի՝ պահանջելով հերքել Ազգային ժողովի ամբիոնից «զրպարտություն համարվող և իրեն վերաբերող փաստացի տվյալները»։

Հայցի համար հիմք է հանդիսացել Յոլյանի՝ հոկտեմբերի 29-ի այս ելույթը․ «Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքա՜ն ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։

Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր… բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով։ Եվ ի՞նչ ա տեղի ունենում. ասֆալտը իրականացնում են, մի ամիս հետո քանդվում է։

Բավականին շատ հետաքննական նյութեր կան, հրապարակումներ կան, հոդվածներ կան։ Հարց է առաջանում՝ ինչի՞ որևէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում, որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ։ Իսկ այն ինստիտուտը, որը պատասխանատու է էս ամեն ինչի մասին, էս հանցավոր անգործության մատնված խոսել՝ էդ կոռուպցիոն սխեմաների մասին, լռում է։

Բոլորը գալիս են էստեղից խոսում են թալանից, չգիտեմ ինչից… Դուք ձե՛ր մասին խոսեք»։

Մկրտչյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Իրինա Յոլյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնորեն հերքել իր կողմից 29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից կատարված հայտարարությամբ «զրպարտություն համարվող և Կառլեն Մկրտչյանին վերաբերող փաստացի տվյալները»։

Բացի հերքումից՝ Մկրտչյանը պահանջում է Իրինա Յոլյանից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Նշենք՝ Յոլյանի դեմ  հայց է ներկայացրել նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ պահանելով հերքում և 3 մլն դրամ փոխհատուցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *