Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։

Ահազանգով մեկնած համայնքային ոստիկանները Այգեհովիտ բնակավայրի սկզբնամասում կանգնեցրել են նշված մեքենան։ Ստուգմամբ պարզվել է, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում մեքենայի թափքում առկա բոխի և այլ ծառատեսակներից պատրաստված փայտանյութի ծավալին։

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այգեհովիտ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները պարզել են, որ Առափի գյուղի 58-ամյա բնակիչը համայնքապատկան տարածքից ապօրինի հատել է ուռենիներ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ նշված տարածքից բենզասղոցով հատել է 6 ուռենի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *