Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ 7136 բաժնեմասի կբաժանորդագրվի Սևծովյան առևտրի և զարգացման բանկում:
Նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին բանկի կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել կանոնադրական կապիտալի հերթական համալրման վերաբերյալ, որին Հայաստանը նույնպես կողմ է քվեարկել:«Կապիտալի համալրումը նպատակ ունի ընդլայնելու բանկի ֆինանսական հնարավորությունները, հատկապես տնտեսության իրական հատվածի, պետություն-մասնավոր գործընկերության և տարածաշրջանային նշանակության ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ: Հայաստանը լրացուցիչ բաժանորդագրվելու է բանկի 7136 բաժնեմասի, ընդհանուր 8 մլն 206 հազար 400 եվրո արժեքով, արդյունքում մեր երկրի ընդհանուր բաժնեմասի քանակը կհասնի 27136-ի, իսկ բաժանորդագրված կապիտալը՝ 31 մլն 206 հազար 400 եվրոյի:
Միաժամանակ կպահպանվի Հայաստանի ներկայիս 1.01 տոկոս մասնակցությունը բանկի կապիտալում»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:
Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ բաժնեմասի ամբողջ գումարը միանգամից վճարելու անհրաժեշտություն չկա:«Ընդհանուր գումարի 30 տոկոսի՝ շուրջ 2.46 մլն եվրոյի մասով, նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը թողարկել անտոկոս մուրհակ, որի վճարումները կիրականացվեն 8 հավասար մասերով՝ 2027-2034 թվականների ընթացքում, այսինքն՝ տարեկան վճարումը կկազմի 307 հազար 740 եվրո: Մնացած 70 տոկոսը վճարման ենթակա կլինի միայն ըստ պահանջի»,- նշեց նա:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ընդունված որոշումն ապահովում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, պահպանում բանկում Հայաստանի մասնակցության ու ձայների իրավունքի կշիռը, մյուս կողմից նպաստում համագործակցության շարունակականությանը:
