ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հաջորդ շաբաթ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուելսին, հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խոսքը պատմական գագաթնաժողովի մասին է, քանի որ երեք երկրների առաջնորդները նման ձևաչափով առաջին անգամ կհանդիպեն։ Եռակողմ բանակցությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։

Լրագրողների հետ զրույցում Ուելսը նշել է, որ Թրամփը մտադիր է, ի թիվս այլ հարցերի, քննարկել աշխարհում միջուկային սպառազինությունների կրճատման խնդիրը։

«Նախագահը հստակ հասկացրել է, որ այլ հարցերի թվում մտադիր է քննարկել աշխարհում միջուկային սպառազինությունների կրճատումը։ Նախագահ Թրամփը միջուկային զենքի տարածումը համարում է խիստ վտանգավոր»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ Վաշինգտոնը չի ակնկալում միջուկային հարցերի շուրջ նոր համաձայնագրի կնքում։ Նրա խոսքով՝ հանդիպումը դիտարկվում է որպես մեկնարկային կետ։

«Սա երկխոսության սկիզբն է, որը, հուսով ենք, ապագայում կարող է դրական արդյունքներ բերել»,- նշել է պաշտոնյան։

BBC-ի տվյալներով՝ Ռուսաստանն ունի ավելի քան 5400 միջուկային մարտագլխիկ, ԱՄՆ-ը՝ ավելի քան 5000, իսկ Չինաստանը՝ 620։

CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, հայտնում է, որ առաջնորդները մտադիր են քննարկել նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի մեկ այլ պաշտոնյա The New York Post-ին հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցը, ամենայն հավանականությամբ, չի ներառվի հանդիպման օրակարգում։

«Չինաստանը այս գործընթացի մասնակից չէ, ուստի տեղին չի լինի այստեղ քննարկել Ուկրաինայի հարցը»,- նշել է նա։

Հոկտեմբերի 19-ին Թրամփն ինքն էր հայտարարել Պուտինի և Սի Ծինփինի հետ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին՝ նշելով, որ հանդիպման ընթացքում նախատեսում է քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը։

«Ես կանեմ հնարավոր ամեն ինչ՝ պատերազմը դադարեցնելու համար»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Նոյեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Մոսկվան, Վաշինգտոնը և Պեկինը նախապատրաստվում են եռակողմ գագաթնաժողովին։ Նման հանդիպում անցկացնելու ծրագրերը հաստատել էր նաև Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *