ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի վերաբերյալ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին, ադրբեջանցի զինվորը մտել էր Սյունիքի Շաքի գյուղ, կրակել տեղացի կնոջ ոտքին, նրա երեխաները ևս վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։

Մուսաևը հոկտեմբերի 1-ին է հայտնաբերվել, ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել էր ծառայության վայրը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, և նա ձերբակալվել էր:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին իր ծառայության վայրից բացակայել է, լքել զորամասը, և նրան գտնելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն: Այնուհետև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Նա ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:

2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա էր եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք:

Դատախազությունից ի լրումն նախորդ հաղորդագրության՝ հավելել էին, որ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *