Ամերիկայի 250-ամյակի առթիվ Միացյալ Նահագները հյուրընկալում է 2026 թվականի G20 գագաթնաժողովը Մայամիում: Այս տարվա հրավիրյալ երկրների թվում է նաև Հայաստանը:
Այս մասին ասվում է գագաթնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ը վերադարձնելու է G20-ը իր հիմնական առաքելությանը՝ խթանել տնտեսական աճը, խթանել նորարարությունը և ամրապնդել գործընկերությունները, որոնք օգուտ են բերում ամերիկացի աշխատողներին, բիզնեսին և դաշնակիցներին:
Հրավիրվածների թվում են նաև Ադրբեջանը, Ֆինլանդիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Նիդերլանդներն ու մի շարք այլ երկրներ:
G20-ը միջազգային ֆորում է, որը միավորում է աշխարհի ամենամեծ զարգացած և զարգացող տնտեսությունները՝ տնտեսական քաղաքականությունը քննարկելու և համակարգելու համար: Դրա անդամները ներկայացնում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 85%-ը և մոլորակի բնակչության երկու երրորդը:
G20-ը ստեղծվել է 1999 թվականին՝ 1990-ականների վերջի ֆինանսական ճգնաժամերին ի պատասխան՝ միջազգային ֆինանսական կայունությունը խթանելու նպատակով:
Խումբը լուծում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են համաշխարհային ֆինանսական կայունությունը, միջազգային տնտեսական համագործակցությունը, առևտուրը և ներդրումները:
G20-ի հանդիպումները տեղի են ունենում տարբեր մակարդակներում, ներառյալ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ տարեկան գագաթնաժողովները, ինչպես նաև ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպումները:
G20-ը մշտական քարտուղարություն չունի. փոխարենը, նախագահությունը ամեն տարի փոխվում է իր անդամների միջև:
