Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասերը, Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (դեղձով), Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (ելակի հյութով) և Չիզ Լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանքը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հսկիչ գնում է կատարվել նաև Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ)։
Ըստ լաբորատոր արձանագրությունների՝ «Վերշկովիյ Ռայ» արտադրանքի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի նմուշը կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
