ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում խոստացել էր եվրոպացիներին լրացուցիչ մաքսատուրքերով պատժել Գրենլանդիան պաշտպանելու համար, չորեքշաբթի օրը հայտարարեց, որ առայժմ դրանք չի սահմանի։
Թրամփն այս հայտարարությունն արել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում՝ Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ հանդիպումից հետո։
«Հիմնվելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման վրա՝ մենք մշակել ենք Գրենլանդիայի և ընդհանրապես ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակ», – գրել է Թրամփը։ «Այս համաձայնագիրը, եթե վերջնականապես հաստատվի, հիանալի համաձայնագիր կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ սահմանի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին կիրառել փետրվարի 1-ին»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում «Ոսկե գմբեթի» և Գրենլանդիայի շուրջ։ «Ոսկե գմբեթը» հսկայական հրթիռային պաշտպանության համակարգ է, որի կառուցման մասին Թրամփը հայտարարել էր անցյալ տարի։
Հետագա բանակցությունները, ըստ Թրամփի, կվարեն փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և ուրիշներ։
Դավոսի ֆորումի ընդհանուր նիստում իր ելույթում Թրամփը նաև հիշատակել է «Ոսկե գմբեթը» Գրենլանդիայի հետ կապված։
Ռուտտեի հետ հանդիպումը տեղի է ունեցել ֆորումի շրջանակներում։
Մաքսատուրքերի չեղարկման մասին գրառումը հրապարակելուց կարճ ժամանակ անց Թրամփը CNBC-ին ասել է, որ այժմ սեղանին «գործարքի հայեցակարգ» կա, և այն համապատասխանում է Գրենլանդիայի վերաբերյալ իր ցանկությանը։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
