Պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն՝ այս տարի՝ հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, թանգարանի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։ Առաջին սրբանկարը պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց (7-րդ դար) 1939 թվականին, երկրորդը՝ Բնագիտության թանգարանից 1957-ին։
Հանուն հավատքի նահատակված և համաքրիստոնեական Եկեղեցու տոնելի սրբերի շարքին դասվող զորավարներից Հայաստանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում Սուրբ Սարգիսը, որի մասին մեզանում հյուսվել են բազմաթիվ ավանդազրույցներ. նրա կերպարում խտացել է քրիստոնեական հավատքի, նեղության մեջ գտնվողի պաշտպանի, քաջ ու արագահաս զորակցի իդեալական պատկերը:
Միայն հայկական աղբյուրներում է առկա զորավարի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը։ Դրա հիման վրա հայ միջնադարյան արվեստի տարբեր տեսակներում ստեղծվել են բազմաթիվ գործեր, որոնցում Սուրբ Սարգիսը ներկայացվում է որդու՝ Մարտիրոսի հետ: Լավագույններից է 1821 թվականի հիշատակային մակագրությամբ «Սուրբ Սարգիս» սրբապատկերը։ Ավանդական պատկերագրության համաձայն՝ Սուրբը ներկայացված է ճերմակ ձիու վրա, գեղեցկադեմ երիտասարդի կերպարանքով Մարտիրոսի հետ, զինվորականի հանդերձանքով ու սաղավարտով, քամուց ծածանվող կարմիր թիկնոցով, վեր բարձրացրած ձեռքին գուրզ է։ Բացակայում է չարը խորհրդանշող գազանի պատկերը, այսինքն՝ Սուրբ Սարգիսը ներկայացվում է մարտիրոսների պատկերագրությամբ, որն արտահայտում է հանուն հավատքի նահատակության գաղափարը։
Հայ միջնադարյան արվեստում Սուրբ Սարգսի և Սուրբ Գևորգի պատկերները երբեմն ներկայացվում են միասին. առաջին նմուշները հայտնի են 7-րդ դարից։ Քրիստոնեական և հայ արվեստում Սուրբ Գևորգը մեծ մասամբ պատկերվում է վիշապամարտի տեսարանում եկեղեցու թշնամիներին, չարը խորհրդանշող վիշապին հաղթելիս: Պատկերասրահի սրբանկարն ունի ավարտուն պատկերագրական հորինվածք. կենտրոնում ծառս եղած ձիու ոտքերի տակ գտնվող հսկա վիշապին նիզակով խոցող Սուրբ Գևորգի շուրջը տեղադրված 10 ձվաձև շրջանակների մեջ նրա վարքագրական շարքի դրվագներն են։ Հայկական սրբապատկերների՝ վիշապին հաղթելու տեսարանում բացակայում են հեթանոս արքայի և նրա աղջկա պատկերները, որոնք շատ տարածված են բյուզանդական և արևմտաեվրոպական արվեստի համաժամանակյա գործերում։
