Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է մարզի Պավլոգրադի շրջանում գտնվող DTEK ձեռնարկությանը պատկանող ավտոբուսին։
Ուկրաինայի հանքագործների անկախ արհմիության նախագահ Միխայիլ Վոլինեցը հայտնել է, որ ռուսները թիրախավորել են ածխահանքային ձեռնարկությունը, որի մոտակայքում գտնվում էր հանքագործներ տեղափոխող ավտոբուս։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ձեռնարկության վրա արձակել են չորս Shahed տիպի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Ընկերության հայտարարության մեջ ասվում է. «Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզում DTEK հանքերի վրա իրականացրել է լայնածավալ ահաբեկչական հարձակում։ Հարձակումներից մեկի էպիկենտրոնը եղել է աշխատանքային ավտոբուսը, որը Դնեպրոպետրովսկի մարզի ձեռնարկությունից հանքագործներ էր տեղափոխում հերթափոխից հետո»։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
