Նոր ուսումնասիրության համաձայն՝ օրական երկու-երեք բաժակ սուրճ խմելը զգալիորեն նվազեցնում է դեմենցիայի առաջացման ռիսկը։ Սակայն գիտնականները զգուշացնում են, որ այս քանակից ավելի խմելը որևէ լրացուցիչ օգուտ չի տալիս ծերության ժամանակ ճանաչողական առողջությունը պահպանելու համար։
Ուսումնասիրությանը մասնակցել են 40 տարեկան և բարձր տարիքի մոտ 132,000 առողջապահական աշխատողներ։ 43 տարվա հետազոտության ընթացքում դեմենցիա է զարգացել 11,033 մարդու մոտ (մոտավորապես 8%)։ Սակայն սուրճի կամ կոֆեին պարունակող թեյի չափավոր օգտագործումը զգալիորեն նվազեցրել է այս հիվանդության զարգացման ռիսկը։
Ամենանշանակալի պաշտպանիչ ազդեցությունը նկատվել է 75 տարեկանից փոքր մասնակիցների մոտ։ Օրական 250-300 մգ կոֆեինի (երկու-երեք բաժակ սուրճ) օգտագործումը 35%-ով նվազեցրել է դեմենցիայի առաջացման ռիսկը։ Սակայն այս քանակից ավելի խմելը որևէ լրացուցիչ օգուտ չի տալիս։
Ուսումնասիրությանը մասնակցելու պահին կանայք օրական միջինում խմում էին չորսուկես բաժակ սուրճ կամ թեյ, մինչդեռ տղամարդիկ՝ մոտավորապես երկուուկես։ Կոֆեին օգտագործողները, միջին հաշվով, ավելի երիտասարդ էին, ավելի հակված էին ծխելու, ավելի շատ ալկոհոլ և կալորիաներ էին օգտագործում ։
Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր նախընտրում էին առանց կոֆեինի սուրճ, ավելի արագ հիշողության վատթարացում ունեին։ Գիտնականների կարծիքով, հավանական բացատրությունն այն է, որ կոֆեինի չարաշահումը հաճախ կապված է նախկինում առկա առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, քնի խանգարումները և սրտի ռիթմի խանգարումները։ Այս գործոնները կարող են լինել ճանաչողական անկման և դեմենցիայի զարգացման իրական պատճառը։
Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք
