Կոպենհագենի համալսարանի գիտնականների կողմից իրականացված նոր ծավալուն հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների ատամների և լնդերի վատ վիճակը կարող է հեռահար հետևանքներ ունենալ հասուն տարիքում սրտի և անոթների առողջության համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Cardiology ամսագրում:
Հետազոտողներն օգտագործել են Մանկական ատամնաբուժության ազգային ռեեստրի տվյալները, որտեղ արձանագրված են եղել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բազմակի կարիեսային ախտահարումները և ծանր գինգիվիտը (լնդերի բորբոքում՝ արյունահոսությամբ և ցավոտությամբ):
Այս տվյալները համադրվել են մինչև 2018 թվականը Պացիենտների ազգային ռեգիստրում առկա սիրտ-անոթային հիվանդությունների մասին բժշկական վկայությունների հետ:
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր մանկության տարիներին ունեցել են բազմակի կարիես, հասուն տարիքում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մինչև 45%-ով ավելի բարձր է եղել, իսկ արտահայտված գինգիվիտ ունեցող երեխաների մոտ՝ մինչև 41%-ով ավելի բարձր, քան առողջ ատամներ և լնդեր ունեցող հասակակիցների մոտ:
Գիտնականներն ընդգծում են, որ սա փոխկապակցվածություն է, այլ ոչ թե ուղղակի պատճառահետևանքային կապի ապացույց. հետազոտությունը չի կարող պնդել, որ ատամների խնդիրներն ինքնին առաջացնում են սրտի հիվանդություններ։
Այնուամենայնիվ, նման կապը համահունչ է այն տեսությանը, համաձայն որի՝ բերանի խոռոչի բորբոքային գործընթացները կարող են նպաստել օրգանիզմում համակարգային բորբոքմանը՝ ազդելով անոթների վրա և արագացնելով աթերոսկլերոզի զարգացումը:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
