ԱՄՆ-ն այնպես կանի, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Վաշինգտոնը կցանկանար դա անել «լավ ձևով», համաձայնագրի միջոցով։ Սակայն դա կարող է արվել նաև «վատ ձևով»։
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ Իրանի ղեկավարությանը կոչ անելով «խելամիտ ընտրություն կատարել»։
Եթե Իրանը «սխալ ընտրություն» կատարի, ապա, Հեգսեթի խոսքով, կլինի շրջափակում, և ռումբեր կնետվեն Իրանի ենթակառուցվածքների, էլեկտրակայանների և էներգետիկ օբյեկտների վրա։
«ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվում է, պատրաստ ենք վերսկսել ռմբակոծությունները, եթե բանակցությունները տապալվեն։ ԱՄՆ զինված ուժերը վերահսկում են Հորմուզի նեղուցով նավարկությունը, և դա արվում է ռազմածովային ուժերի 10%-ից պակաս կարողություններով։ Իրանը չի կարող վերականգնել իր կորցրած կրակային ուժը։ Սա արդար պատերազմ չէ, մենք միայն ուժեղանում ենք», – նշել է նա։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
