ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։
Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
«Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․ Թ․-ն, որը իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։
Տեղեկություններն իրացնելու նպատակով հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, որի մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։
Առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․ Թ.-ի ազգական, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․ Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, և դատարանի որոշմամբ՝ Հ․ Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
