Առողջապահության նախարարությունը 2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համար նախատեսված ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունի:

«2027 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ մենք քննարկելու ենք պետական սուբսիդավորման հատվածը, գիտեք, որ պետությունն այսօր մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրական վճարները. մինչև 18 տարեկաններ, 65+ տարիքի անձինք և հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցողների համար պետությունը տարեկան ամեն անձի համար վճարում է 129600 դրամ: Բացի դրանից, նաև աշխատող և ապահովագրավճար վճարողների համար պետությունն էլի ամսական 6000 դրամի չափով սուբսիդավորում է իրականացնում»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելեց՝ 2027 թվականի այս սուբսիդավորման շարունակականությունը միջնաժամկետ ծախսային ծրագրերով արդեն իսկ հաստատվել է, սակայն 2027 թվականի բյուջեում դեռ քննարկումների տեղ կա: Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ապահովագրավճարի վերանայման ընդհանուր սկզբունքը:

«Ամեն տարի Առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունն Ազգային ժողովում և ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացությունը՝ արդյոք պե՞տք է վերանայել, թե՞ ոչ: Այս պահին մենք 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք»,- նշեց նախարարը:

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *