Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով կամ քիմիական նյութերով աղտոտված սննդի օգտագործումը տարեկան մոտ 1,5 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում ամբողջ աշխարհում։ Հատկապես խոցելի են մնում մինչև հինգ տարեկան երեխաները։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ընդգծել է, որ սննդամթերքի անվտանգությունը վերացական խնդիր չէ, այլ ռիսկի ամենօրյա գործոն, որն առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի և սննդի յուրաքանչյուր ընդունմանը։
Չնայած 2000-ականների սկզբից ի վեր հիվանդացության ընդհանուր մակարդակի նվազմանը՝ գլոբալ պատկերը մնում է խիստ անհամաչափ։ Բոլոր դեպքերի մոտ 75%-ը բաժին է ընկնում Աֆրիկային և Հարավարևելյան Ասիային, որտեղ արձանագրվում է նաև սննդային վարակներից մահացության դեպքերի մոտ 60%-ը։
Զեկույցի տվյալներով՝ 2021 թվականին գրանցվել է կենսաբանական գործոններով՝ բակտերիաներով և վիրուսներով պայմանավորված հիվանդացության մոտ 860 միլիոն դեպք։ Այնուամենայնիվ, մահացության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում քիմիական աղտոտիչներին, ներառյալ մկնդեղով և կապարով թունավորումները։
ԱՀԿ փորձագետները նշում են, որ խնդիրը սրվում է միանգամից երկու գլոբալ գործոնով՝ կլիմայի փոփոխությամբ, որը մեծացնում է մթերքների աղտոտման ռիսկը, և հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության աճով, ինչի պատճառով վարակների բուժումն ավելի է դժվարանում։
Առողջությանը հասցվող վնասից բացի` սննդային վարակները նաև լուրջ տնտեսական կորուստներ են պատճառում։ Հետազոտողների գնահատականներով 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը մոտ 647 միլիարդ դոլար է կորցրել արտադրողականության անկման և անվտանգության չափանիշներին չհամապատասխանող սննդի հետ կապված հիվանդությունների հետևանքով։
ԱՀԿ-ն ընդգծում է, որ սննդի անվտանգության չափանիշների բարելավումը մնում է գլոբալ առողջապահության առանցքային խնդիրներից մեկը, հատկապես` սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
