Ըստ գիտական հետազոտությունների խոշոր վերլուծության՝ թեյն ընդունակ է զգալի օգուտ բերել առողջությանը՝ նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, քաղցկեղի որոշ տեսակների, տարիքային ճանաչողական ֆունկցիաների վատթարացման և մկանային զանգվածի կորստի ռիսկը։ Սակայն գիտնականները զգուշացնում են՝ ոչ բոլոր թեյային ըմպելիքներն են հավասարապես օգտակար։ Շշալցված թեյը և հանրահայտ bubble tea-ն հաճախ պարունակում են շաքար, արհեստական քաղցրացուցիչներ և կոնսերվանտներ, որոնք կարող են նվազեցնել կամ լիովին չեզոքացնել ըմպելիքի դրական ազդեցությունը։

Camellia sinensis բույսի տերևներից պատրաստվող թեյը մարդիկ օգտագործում են արդեն երկար դարեր։ Ի սկզբանե այն կիրառվել է որպես բուժամիջոց, իսկ ավելի ուշ դարձել է աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկը։ Դրա օգտակար հատկությունները կապում են նախևառաջ պոլիֆենոլների, հատկապես՝ կատեխինների բարձր պարունակության հետ, որոնք օժտված են հակաօքսիդանտային և հակաբորբոքային ազդեցությամբ։

Արդյունքները ցույց են տվել, որ հատկապես լավ են ուսումնասիրված կանաչ թեյի առավելությունները։ Այն նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը և խոլեստերինի ցուցանիշների բարելավմանը՝ օգնելով պաշտպանել սիրտ-անոթային համակարգը։ Բացի դրանից, բնակչության մակարդակով խոշոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ թեյի կանոնավոր օգտագործումը կապված է վաղաժամ մահվան, սիրտ-անոթային հիվանդությունների և որոշ տեսակի օնկոլոգիական հիվանդությունների ռիսկի նվազման հետ։

Հետազոտողները պարզել են նաև, որ թեյը կարող է նպաստել գիրություն ունեցող մարդկանց մարմնի զանգվածի վերահսկմանը և նյութափոխանակության բարելավմանը։ Կանաչ թեյի կատեխինները կապված են քաշի նվազման և մետաբոլիկ ցուցանիշների բարելավման հետ։ Դրանից բացի` ըմպելիքը պոտենցիալ է ցուցաբերում ուղեղը տարիքային փոփոխություններից պաշտպանելու և տարեց մարդկանց մոտ մկանային զանգվածը պահպանելու հարցում։ Թեյի կանոնավոր օգտագործումն ասոցացվում է ճանաչողական խանգարումների ավելի ցածր տարածվածության և Ալցհեյմերի հիվանդությանն առնչվող բիոմարկերների ավելի քիչ քանակի հետ։

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *