Երևանում խցանումների խնդիրը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար՝ զուգահեռաբար ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ցանցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Երևանի երթևեկության կառավարման նոր մոտեցումները։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ստեղծել է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի հիմնական նպատակը թվային լուծումների ներդրումն ու երթևեկության հոսքերի վերլուծությունն է։

«Երևանի խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ»,- նշել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ ներկայում իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում չափվում են մայրաքաղաք մուտք գործող ավտոմեքենաների հոսքերը։

«Այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարվա ընթացքում կտրվի փոփոխությունների ծրագիր, թե ինչ պետք է տեղի ունենա»,- ասել է նա։

Ավինյանի գնահատմամբ՝ Երևանի խցանումների հիմնական պատճառը վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճն է, որի հետևանքով կտրուկ աճել է մարդատար ավտոմեքենաների թիվը։

«Առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է, և այս տնտեսական աճը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի ահռելի աճի»,- նշել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ նույնիսկ հանրային տրանսպորտի շարունակական զարգացումը բավարար չէ խցանումների խնդիրը լուծելու համար։

«Հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարող աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար»,- ընդգծել է Ավինյանը։

Քաղաքապետը հայտնել է, որ Երևանում նախատեսվում է ներդնել եվրոպական քաղաքներում կիրառվող մոտեցումները։

«Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ, և դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով»,- ասել է նա։

Ավինյանի խոսքով՝ իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կսահմանվեն ավտոկայանատեղիների տեղակայման վայրերը, ավտոմեքենաների հոսքերի կառավարման մեխանիզմները և այն սահմանափակումները, որոնք կգործեն մասնավոր տրանսպորտի համար։

Նա տեղեկացրել է, որ նախնական արդյունքները սպասվում են 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ ծրագրի գործնական իրականացումը նախատեսվում է սկսել 2027 թվականից։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *