Քարդիֆի համալսարանի հետազոտողները պարզել են, որ օրգանիզմում նռան բաղադրիչների և աղիքային բակտերիաների փոխազդեցության արդյունքում առաջացած բնական միացությունը կարող է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի հեռանկարային միջոց դառնալ։

Այս միացությունը, որը հայտնի է որպես ուրոլիտին Ա, արտադրվում է աղիքային միկրոֆլորայի կողմից՝ նռան և բուսական այլ մթերքների մեջ պարունակվող պոլիֆենոլների մարսման ընթացքում։ Գիտնականները նկատել են, որ այն ընդունակ է նվազեցնել անոթների բորբոքումն ու բարձրացնել աթերոսկլերոտիկ վահանիկների կայունությունը՝ պոտենցիալ կերպով նվազեցնելով ինֆարկտի և ինսուլտի վտանգը։

Չնայած խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցների մշակման գործում արձանագրված զգալի հաջողություններին՝ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության առաջատար պատճառներից մեկը։ Այդ իսկ պատճառով հետազոտողներն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում աթերոսկլերոզի զարգացման հարցում քրոնիկ բորբոքման, օքսիդատիվ սթրեսի և աղիքային միկրոբիոմի ունեցած դերին։

Պրոֆեսոր Դիպակ Ռամջիի գլխավորած թիմն ուսումնասիրել է նռան պոլիֆենոլներից առաջացող միացությունների ազդեցությունն այն կենսաբանական գործընթացների վրա, որոնք հանգեցնում են անոթային վահանիկների գոյացմանը։ Պարզվել է, որ ուրոլիտին Ա-ն ամենաակտիվ նյութափոխանակության արգասիքն է, որն առաջանում է նռան հիմնական պոլիֆենոլներից մեկի՝ պունիկալագինի տրոհումից։

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ուրոլիտին Ա-ն նվազեցնում է օքսիդատիվ սթրեսը, ճնշում է բորբոքային ազդանշանները, սահմանափակում է իմունային բջիջների թափանցումն անոթների պատեր, պակասեցնում է անոթային համակարգի բջիջներում խոլեստերինի կուտակումը։

Այնուհետև գիտնականներն այս միացությունը փորձարկել են աթերոսկլերոզի հակում ունեցող մկների վրա։ Այն կենդանիների մոտ, որոնք ուրոլիտին Ա են ստացել, գոյացել են ավելի փոքր, պակաս բորբոքված և ավելի կայուն վահանիկներ։ Սա նվազեցրել է դրանց պատռվելու վտանգը, ինչը ինֆարկտների և ինսուլտների հիմնական պատճառներից է։

Այս հայտնագործությունը ևս մեկ անգամ ընդգծում է աղիքային միկրոբիոմի կարևորությունը։ Քանի որ ուրոլիտին Ա արտադրելու ունակությունը տարբեր մարդկանց մոտ խիստ անհատական է և կախված է աղիքային միկրոֆլորայի կազմից, ապա նռան պոլիֆենոլներով հարուստ մթերքների հանդեպ օրգանիզմի արձագանքը նույնպես կարող է տարբեր լինել։

Հատկանշական է, որ սրտանոթային համակարգի վրա այս դրական ազդեցությունը նկատվել է առանց խոլեստերինի մակարդակի էական փոփոխության։ Սա հուշում է, որ ուրոլիտին Ա-ն գործում է ավանդական հակախոլեստերինային դեղամիջոցներից տարբերվող մեխանիզմով։ Հետազոտողների կարծիքով՝ ապագայում այն կարող է կիրառվել ստատինների և բուժման այլ մեթոդների հետ համատեղ՝ սրտանոթային ռիսկերն էլ ավելի նվազեցնելու համար։

Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *