Եվրոպական ֆոնդային ինդեքսները հինգշաբթի սակարկություններն ավարտել են տարբեր փոփոխություններով։

Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսը նվազել է 0,34 տոկոսով՝ հասնելով 637,14 կետի։

Բրիտանական FTSE 100-ը կորցրել է 1,04 տոկոս, իսպանական IBEX 35-ը՝ 0,09 տոկոս։ Գերմանական DAX-ն աճել է 0,37 տոկոսով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,44 տոկոսով, իտալական FTSE MIB-ը՝ 0,18 տոկոսով։

Թրեյդերները գնահատել են կենտրոնական բանկերի նիստերի արդյունքները և դրանց դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունը։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) չորեքշաբթի պահպանել է հիմնական տոկոսադրույքը 3,5-3,75 տոկոս միջակայքում։ ԴՀՊ ղեկավարները զգալիորեն բարձրացրել են ԱՄՆ-ում ընթացիկ տարվա գնաճի կանխատեսումը՝ մարտին ակնկալվող 2,7 տոկոսից մինչև 3,6 տոկոս։ Նիստի արդյունքներով հրապարակված կանխատեսումների կետային գրաֆիկը (dot plot), որն արտացոլում է ամերիկյան կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի անդամների և դաշնային պահուստային բանկերի ղեկավարների անհատական ակնկալիքները տոկոսադրույքի վերաբերյալ, ցույց է տվել, որ նրանց կեսը սպասում է հիմնական տոկոսադրույքի բարձրացման մինչև ընթացիկ տարվա վերջ։

Շուկան ԴՊՀ նիստի արդյունքների հիման վրա արված հայտարարության մեջ տեսել է «բազեի» ազդակներ, որտեղ նշվում է ԱՄՆ աշխատաշուկայի կայունությունը, ինչպես նաև գների կայունության ապահովման անհրաժեշտությունը։

Անգլիայի բանկը հինգշաբթի նույնպես անփոփոխ է թողել առանցքային տոկոսադրույքը՝ տարեկան 3,75 տոկոս մակարդակում։

«Էներգակիրների համաշխարհային գները նախորդ նիստից ի վեր նվազել են՝ Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման ֆոնին։ Սակայն դրանք դեռևս մնում են ավելի բարձր, քան հակամարտության սկսվելուց առաջ գրանցված մակարդակները»,- նշվել է ԿԲ հայտարարության մեջ։

Դրամավարկային քաղաքականությունը չի կարող ազդել էներգակիրների արժեքի վրա, այն ուղղված է տնտեսության հարմարվողականության ապահովմանը՝ դեպի գնաճի 2 տոկոս նպատակային ցուցանիշ կայուն առաջընթացով, նշել են բրիտանական կենտրոնական բանկում։

Շվեյցարիայի կենտրոնական բանկը պահպանել է տոկոսադրույքը զրոյական, իսկ նորվեգականը՝ 4,25 տոկոս մակարդակում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին լուրն առաջացրել է նավթի գների հետագա անկում՝ թուլացնելով գնաճային սպասումները։ Brent-ի գինը հինգշաբթի իջել էր մեկ բարելի դիմաց 77 դոլարից ցածր։

Այս ֆոնին նկատելիորեն էժանացել են նավթային ընկերությունների արժեթղթերը, այդ թվում՝ BP Plc-ի՝ 3,3, Eni-ի՝ 3,2, Shell-ի և TotalEnergies-ի՝ 2,6 տոկոսով։

Ավիափոխադրողների գնանշումները բարձրացել են ավիավառելիքի գների նվազման սպասումների ֆոնին՝ Air France-KLM՝ 4,6, Deutsche Lufthansa՝ 3,2, International Consolidated Airlines՝ 2,3, Ryanair Holdings՝ 1,5, easyJet՝ 1,1 տոկոսով։

Կորուստներ են կրել հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները՝ Fresnillo (-5,8 տոոս), Endeavour Mining (-5,7 տոկոս), Anglo American (-3,3 տոկոս), Rio Tinto և Glencore (-3 տոկոս)։ Կանադական կալիումի նախագծի գծով 2,3 մլրդ դոլարի չափով դուրսգրումների մասին հայտարարած BHP Group-ի շուկայական արժեքը նվազել է 4,4 տոկոսով։

Գնանշումների ակտիվ աճ են ցուցադրել կիսահաղորդչային արտադրանքի արտադրողները։ Չիպ արտադրող BE Semiconductor-ը շուկայական կապիտալացումն ավելացրել է 2,5 տոկոսով՝ եկամտի և շահութաբերության երկարաժամկետ նպատակային ցուցանիշների բարելավումից հետո, ինչը պայմանավորված է արհեստական բանականության համար իր մշակումների բարձր պահանջարկով։ Infineon Technologies-ի արժեթղթերի արժեքը բարձրացել է 6,4, STMicroelectronics-ինը՝ 4,2, ASML Holding-ինը՝ 2,9 տոկոսով։

Ավտոարտադրողները հայտնվել են բացասական գոտում, այդ թվում՝ Mercedes-Benz-ը՝ 4,6, BMW AG-ը՝ 4, Stellantis-ը՝ 3,7, Volkswagen-ը՝ 2,8, Porsche-ն՝ 1,8 տոկոսով։

Համաեվրոպական ինդեքսում աճի առաջատարը դարձել է ֆրանսիական վճարային ծառայության օպերատոր Edenred-ը (+17,2 տոկոս)։ Ընկերությունը հաստատել է լրատվամիջոցների հաղորդումները, որ մի շարք ներդրումային ֆոնդեր հետաքրքրված են դրա գնմամբ։

Stoxx 600-ում անկման առաջատարների եռյակում են ընդգրկվել Alten-ը (-9 տոկոս), Capgemini-ն (-8,9 տոկոս) և Saipem-ը (-7,3 տոկոս)։

Evonik-ի արժեթղթերի գինը նվազել է 3,2 տոկոսով։ Գերմանական քիմիական ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է կրճատել 3,2 հազար աշխատատեղ և փակել պոլիէսթերի արտադրության բիզնեսը՝ վերակազմակերպման ծրագրի շրջանակում։

EQT-ի արժեթղթերն էժանացել են 3,3 տոկոսով, իսկ բրիտանական Intertek Group-ինը՝ թանկացել 1,7 տոկոսով՝ այն լուրերի ֆոնին, որ շվեդական ուղիղ ներդրումների ֆոնդը պայմանավորվել է տեսչական-սերտիֆիկացման ոլորտում գործող ընկերության գնման շուրջ՝ 9,3 մլրդ ֆունտ գործարքի շրջանակում։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *