Հունաստանի Ասպրոպիրգոս քաղաքում ավտոպահեստամասերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են հունական ԶԼՄ-ները։
Վերջին տվյալներով՝ տուժածների թիվն աճել է մինչև 11։ Բոլորը հոսպիտալացվել են։ Տուժածներից երեքը ստացել են ծանր այրվածքներ և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ նրանց միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
Ձեռնարկության տարածքում եղել է պրոպանի բալոնով բեռնատար, ինչը զգալիորեն բարդացրել է հրդեհաշիջումը։ Հրդեհի հետևանքով գործարանը լիովին ավերվել է։ Խիտ սև ծուխը պատել է շրջակայքը՝ ստեղծելով առողջության համար վտանգավոր մթնոլորտ։
Իշխանությունները հրդեհը բնութագրել են որպես չափազանց բարդ՝ ինտենսիվ այրման հետևանքով առաջացած բարձր ջերմային բեռնվածության պատճառով։
Հրդեհի մարմանը ներգրավվել են 75 հրշեջ, 20 միավոր հիմնական տեխնիկա, չորս մասնագիտացված մեքենա, այդ թվում՝ երկու ավտոկռունկ, նավթավերամշակման օբյեկտներում աշխատելու համար նախատեսված հատուկ ավտոկռունկ և շնչառական ապարատների լիցքավորման ավտոմեքենա։ Օդից իրավիճակը վերահսկում է հրշեջ ուղղաթիռը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
