Երգելը կարող է վերստամոքսային զկռտոցի բուժման ավելի արդյունավետ և հետաքրքիր եղանակ դառնալ, քան ավանդական շնչառական վարժությունները: Նման եզրահանգման են հանգել Clinical Gastroenterology and Hepatology բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր պատահականացված կլինիկական հետազոտության հեղինակները:
Դա առաջին պատահականացված վերահսկվող հետազոտությունն է, որը նվիրված է վերստամոքսային զկռտոցի՝ ստամոքս-աղիքային տրակտի խրոնիկական խանգարման ժամանակ երգեցողական թերապիայի կիրառմանը, ինչը կարող է էապես վատթարացնել կյանքի որակը: Այդ վիճակի դեպքում օդը բազմաթիվ անգամներ ընկնում է կերակրափող և հետ է դառնում՝ չհասնելով ստամոքսին, ինչի պատճառով մարդու մոտ առաջանում են զկռտոցի հաճախակի նոպաներ՝ հանգեցնելով օրական տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր դեպքերի:
Ըստ հետազոտողների՝ երգեցողական թերապիայի նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ այն համադրում է շնչառության վերահսկողությունը գրավիչ գործունեության հետ, ինչի շնորհիվ բուժառուների համար ավելի հեշտ է հետևել բուժմանը: Թեև երկու եղանակներն էլ նվազեցրել են ախտանիշները, երգեցողության դասընթացներն ավելի արտահայտված և կայուն ազդեցություն են ապահովել:
Հեղինակներն առանձնացրել են նաև բուժման լավագույն արձագանքին առնչվող երեք գործոն՝ երգեցողական թերապիայի անցնում, ավելի տարեց տարիք և մինչ բուժման սկիզբն ավելի ծանր ախտանիշներ: Դա կարող է նշանակել, որ հենց բուժառուների այդ կատեգորիաներն են ունակ ստանալու ամենամեծ օգուտը նման մոտեցումից:
Միևնույն ժամանակ հետազոտողները նշում են աշխատանքի մի շարք սահմանափակումներ. դիտարկումը տևել է ընդամենը մեկ ամիս, բոլոր մասնակիցները ներկայացնում էին մեկ մշակութային խումբ, իսկ վարքագծային թերապիայի առանձնահատկությունները հնարավորություն չէին տալիս բուժառուներից թաքցնել, թե կոնկրետ ինչ բուժում են նրանք ստանում: Երգեցողական թերապիայի երկարաժամկետ արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
