Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի սահմանման առնչությամբ, և որ դրանց մասին հայտարարությունը «տհաճ անակնկալ» է դարձել ԵՄ-ի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հանդիպումների շրջանակում Reuters գործակալության հետ հարցազրույցում:
«Մենք համաձայնագիր ունեինք Ամերիկայի հետ և մենք հետևում էինք այդ համաձայնագրին…. Ահա թե ինչու մեզ համար տհաճ անակնկալ դարձավ այն, որ այս համաձայնագիրը չի պահպանվում», – ասել է Կալասը։
Բացի այդ` նա նշել է, որ նոր սահմանափակումներն անհիմն են։ Կալասի խոսքով՝ եվրոպական աշխատանքային օրենսդրությունն ավելի լավն է ամերիկյանից, ԵՄ երկրներում «կա վճարովի արձակուրդ, կան աշխատանքի լավ պայմաններ»։
Մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 00:01-ին (Երևանի ժամանակով ժամը 08:01-ին): Այն ապրանքների համար, որոնք այս պահին փոխադրման գործընթացում են, նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 28-ը։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
