Ինձ համար շատ կարեւոր է, որ պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնում եմ Հայաստանը: Պրոֆեսիոնալ ռինգում նպատակներս հեռուն գնացող են, բայց հավաքականում երազանքս շարունակում է մնալ օլիմպիական: Մեծ ցանկություն ունեմ հաջորդ տարի մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անգլիայից ասաց Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը:

Նա հուլիսի 24-ին երրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Մենամարտը տեղի է ունենալու Անգլիայի Բոլթոն քաղաքում Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում: Անի Հովսեփյանն արդեն մի քանի օր է Անգլիայում է, որտեղ  պատրաստվում է հերթական մենամարտին:

Անի, տեւական դադարից հետո քեզ նորից կտեսնենք պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպե՞ս ես պատրաստվել երրորդ մենամարտին, ո՞վ է լինելու մրցակիցդ:

Մրցակիցս չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտն է: Մրցակիցս փորձառու մարզիկ է, 29 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 17 մենամարտ, որից 7-ում հաղթանակ է տարել, 9 պարտություն եւ 1 ոչ ոքի:

Մենամարտը լինելու է 4 ռաունդ 2-ական րոպեներով:

Այս պահին արդեն մրցավայրում ես, բայց երկար ժամանակ մարզվում էիր Հայաստանում: Ի՞նչ մարզավիճակով ես մոտենում մենամարտիդ եւ ո՞վ է քեզ օգնում մարզումներում:

Պատրասվել եմ Հայաստանում, մարզիչիս՝ Վաչե Վարդանյանի հետ: Մեծ աշխատանք ենք կատարել այս մենամարտի համար: Ամիսներ շարունակ աշխատել ենք: Ինձ մարզումներում օգնում է հենց իմ մարզիչը, որի հետ անցնում ենք այս ճանապարհը:

Լավ մարզավիճակում եմ, պատրաստ եմ ռինգ դուրս գալուն: Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր է: Համարում եմ, որ այն հնարավորությունների մենամարտ է լինելու:

Սպասելիքներս, իհարկե, հաղթական են, քանի որ ամիսներ շարունակ մարզվել ենք ու նաեւ ամիսներ շարունակ պայքարել ենք, որպեսզի կարողանանք մենամարտ անցկացնել Անգլիայում:

Ինչպե՞ս Անգլիայում մենամարտի հնարավորություն ստացար եւ ինչո՞վ է կարեւոր հենց այդտեղ ռինգ դուրս գալը քեզ համար: Պայմանագիր ունե՞ս որեւէ պրոմոութերական ընկերության հետ:

Այս պահին որեւէ պրոմոութերական ընկերության հետ պայմանագիր չունեմ: Կարելի է ասել՝ ազատ բռնցքամարտիկ եմ: Ինչպես արդեն նշեցի, Անգլիայում մենամարտ ունենալն ինձ համար հնարավորությունների նոր փուլ է եւ ինձ հնարավորություն կտա բացել նոր դռներ իմ մարզական կարիերայում:

Այս մենամարտը թույլ կտա ինձ վարկանիշային աղյուսակում բարձրանալ ու ավելի լայն հնարավորություններ բացել իմ առջև: Դեռ 2, գուցե 3 մենամարտ անցկացնեմ վարկանիշ ձեռքբերելու համար, որպեսզի հետագայում արդեն տիտղոսային մենամարտ կարողանամ  անցկացնել:

Ինձ մոտիվացնում է այն փաստը, որ մենամարտելով Անգլիայում, ես ներկայացնում եմ իմ երկիրը: Ինձ համար անչափ կարևոր է, որ ես պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնում եմ Հայաստանը: Ի դեպ՝ մենամարտիս պրոմոհոլովակը հատուկ նշանակությամբ եմ պատրաստել, որը ցուցադրվելու է մենամարտի ժամանակ:

Ի՞նչ նպատակներ ունես պրոֆեսիոնալ ռինգում եւ ինչպե՞ս ես քեզ զգում «այդտեղ»:

Նպատակներս հեռուն գնացող են… Ցանկանում եմ նվաճել  բոլոր այն գոտիները, որոնք այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեծ դեր ու նշանակություն ունեն: Իհարկե, այդ գոտիները նվաճելու համար պետք է մենամարտեմ բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:

Պրոֆեսիոնալ ռինգում ինձ ավելի հանգիստ եմ զգում, քանի որ այստեղ գնալով ռաունդները շատանում են ու ավելի հանգիստ ես մենամարտում: Յուրաքանչյուր հաղթանակ ինձ ավելի մեծ մոտիվացիա է տալիս, ավելի մեծ վստահություն եմ ձեռք բերում իմ արած գործի նկատմամբ:

Չմոռանանք նաեւ, որ դու կանանց Հայաստանի հավաքականի անդամ ես: Մեր նախորդ զրույցում նշեցիր, որ մեծ սպորտում երազանքդ շարունակում է մնալ օլիմպիական: Կպայքարե՞ս Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի վարկանիշի համար:

Ես դեռ հստակ չեմ կարող ասել, թե հեռացել եմ հավաքականից եւ լիարժեք տեղափոխվել եմ պրոֆեսիոնալ ռինգ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքը Օլիմպիական խաղերն են, մեկ անգամ կարիերայում գոնե Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Իմ երազանքն էլ է դա: Ես նույնպես ցանկանում եմ այդ կարեւոր մարզական իրադարձության մի մասը դառնալ: Երազանքիցս չեմ հրաժարվել եւ չեմ հեռացել, բայց այս պահին ամեն ինչ կախված է իմ եւ մարզիչիս աշխատանքից, նաեւ այն պրոմոութերական ընկերությունից, որի հետ հետագայում աշխատելու եմ:

Նաեւ վերահաստատում եմ, որ Հայաստանի հավաքականից չեմ հեռացել: Սեպտեմբերին ցանկանում էի մասնակցել Եվրոպայի առաջնությանը, բայց հոկտեմբերին նոր մենամարտ ունեմ եւ, թերեւս, չեմ հասցնի լիարժեք պատրաստվել այդ մենամարտիս: Մեծ ցանկություն ունեմ հաջորդ տարի մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին եւ պայքարել ուղեգրի համար:

Լուսինե Շահբազյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *