Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո Լոնդոնը պատրաստ է ռազմական զորախումբ ուղարկել Ուկրաինա։ «Մենք կշարունակենք մեր դաշնակիցների հետ միասին գլխավորել կամավորների կոալիցիան և երբ հրադադարն ի վերջո ուժի մեջ մտնի, մենք պատրաստ կլինենք բազմազգ ուժեր տեղակայել՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունը ամրապնդելու համար», – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Բըրնհեմը։
Բացի այդ` բրիտանական վարչապետը խոստացել է Կիևին աջակցել «լիակատար և անվերապահ հրադադարի» հաստատման և բանակցությունների վերսկսման հարցում։ «Մենք հարյուր տոկոսով Ուկրաինայի կողքին ենք։ Ես անձամբ հարյուր տոկոսով ձեր կողքին եմ, պարոն նախագահ։ Եվ ես լիովին կկատարեմ Ուկրաինայի նկատմամբ այս երկրի ստանձնած բոլոր պարտավորությունները », – հավաստիացրել է Բըրնհեմը: Նա նաև հայտարարել է Կիևին բրիտանական նոր՝ Stone Cloak ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաների փոխանցման մասին։ Դրանք թույլ կտան պաշտպանել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Բըրնհեմի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Պորտսմութում՝ «Քուին Էլիզաբեթ» (Queen Elizabeth) ավիակրի վրա։ Զելենսկին դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որին ընդունել է բրիտանական կառավարության նոր ղեկավարը։
Ավելի վաղ Բըրնեմն ընդգծել էր, որ Մոսկվան «չպետք է կասկածի» Կիևին աջակցելու Լոնդոնի վճռականությանը մինչև «հարատև և արդար խաղաղության» հասնելը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան մնում է Ուկրաինայի կողքին, և բրիտանական աջակցությունն անդադար բնույթ է կրում։ 2025 թվականի հունվարին Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են հարյուրամյա գործընկերության մասին պայմանագիր։ Փաստաթուղթն ընդգրկում է ռազմական և տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև էներգետիկայի, տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության հարցերը:
Կրեմլում ավելի վաղ հայտարարել էին, որ Ուկրաինայում եվրոպական զինվորականների տեղակայումը կդիտարկվի որպես Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի զորախմբի ներկայություն։ «Գոյություն չունեն եվրոպական զինվորականներ. գոյություն ունեն կոնկրետ երկրների զինվորականներ, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամներ են», – ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում «անընդունելի» են որակել Ուկրաինայում օտարերկրյա ստորաբաժանումներն տեղակայումը և զգուշացրել, որ դրանք կդիտարկվեն որպես «օրինական ռազմական թիրախներ»։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
