Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է մարզպետի գործունեությունը և կշարունակի աշխատանքն ԱԺ-ում՝ որպես պատգամավոր:

«Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի’ կոտայքցիներ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնելու կապակցությամբ դադարեցնում եմ աշխատանքս որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ։

2021 թվականից ի վեր ինձ վստահված էր ղեկավարելու Կոտայքի մարզը։ Այսօր ես հպարտությամբ եմ փաստում, որ այս տարիների ընթացքում միասին անցել ենք զարգացման, ձեռքբերումների, ինչու չէ, նաև բազմաթիվ մարտահրավերների ճանապարհ։

Այն դժվար էր, բայց թիկունքում կար թիմ, աշխատասիրություն և փոխադարձ հարգանք, ինչի արդյունքում մենք հաջողել ենք։

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Կոտայքի մարզի բնակիչներին՝ վստահության, աջակցության և համագործակցության համար։ Ձեր խնդիրներն ու առաջարկները մշտապես եղել ու լինելու են իմ աշխատանքի հիմքում, իսկ մարզի առաջընթացը՝ իմ գլխավոր նպատակը։

Շնորհակալ եմ նաև Կոտայքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի, կառուցողական համագործակցության և պատասխանատու մոտեցման համար։

Դե իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետի աշխատակազմի ողջ թիմին՝ նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատասխանատվության և միասին իրականացրած բազմաթիվ ծրագրերի և աշխատանքային օրերի համար։

Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանն ու իմ սիրելի կոտայքցիներին։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վստահության, աջակցության և համատեղ անցած ճանապարհի համար»,- գրել է Սահակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ահարոն Սահակյանն ազատվելու է Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ պատգամավորական մանդատ ստանձնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *