Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության՝ Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գտնվող «88» սուպերմարկետում գործող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը։
Տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝
- արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- պատերն ունեցել են վնասված հատվածներ, իսկ մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,
- առաստաղները չեն ապահովել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու կանխարգելումը,
- բացակայել է օդափոխության համակարգը,
- շինության որոշ հատվածներում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և բեռնարկղերը վնասված են եղել, ինչը թույլ չի տվել իրականացնել դրանց պատշաճ լվացում, մաքրում և ախտահանում,
- արտադրամասում պահվել են անձնական իրեր, ինչպես նաև սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ։
«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հացի և տորթերի արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։
