ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում: Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա, նույն ժամանակաշրջաններին վերաբերող ընկերության ներկայացրած հարկային հաշվարկների տվյալների հետ:

Պարզվել է, որ 2021-2026թթ. ընթացքում ընկերության՝ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի վաճառքից ձևավորած հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *