«Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» առևտրային կազմակերպությունը դարձել է շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության օգոստոսի 6-ի նիստում։
Ընկերությունը հաղթող է ճանաչվել բաց մրցույթում, որին մասնակցում էր ևս երկու ընկերություն։ «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» կազմակերպությունը հիմնադրվել է Մալթայում գրանցված «Random Systems International» ընկերության կողմից, որը նմանատիպ գործունեություն է ծավալում նաև Վրաստանում։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանել է, որ օպերատորը Հայաստանում աշխատելու է 15 տարի։
Պաշտոնյան հայտարարել է նաև մոլախաղերի ոլորտում նոր տեսակի հարկերի ներդրման մասին՝ շահումից 5%, իսկ խոշոր շահումների դեպքում՝ 10%:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտել է, որ ոլորտի բոլոր գործընթացներն անցնելու են ընկերության պատրաստած հարթակով՝ վստահեցնելով, որ «ստվերը» կբացառվի, ինչպես նաև սահմանափակումներ կկիրառվեն քաղաքացիների որոշակի խմբերի նկատմամբ։ «Համակարգը կգործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից», — նշել է նա։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
