Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ն ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսները չեն ներկայանա վաղը կայանալիք դատական նիստին։
«Նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ:
Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները»,- հայտնել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:
Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։
