Ինչո՞ւ է այսօր շատերի համար դժվար գրագետ հայերենով խոսելը։ Դպրո՞ցն է խնդիրը, միջավա՞յրը, թե՞ սոցցանցերը։
Ժամանակակից կյանքում մարդիկ հաճախ առաջնահերթություն են տալիս հարմարությանը` անտեսելով այն պարտադիր պայմանները, որոնք պետք է պահպանվեն պաշտոնական հաղորդակցության ընթացքում:
Ես ուղղակի կազմաքանդվում եմ` ԱԺ նիստերին հետևելով: Բոլոր հնարավոր ձևերով խախտում են լեզվի մասին օրենքը:
Ո՞րն է հայերենի մասին ամենատարածված սխալ պատկերացումը, որը կուզենայիք փոխել։
Երբ բարբառակիրներին վիրավորում են` ասելով հայերեն խոսեք: Բարբառները հայերենի ամենասիրուն գանձերն են, և նման վերաբերմունքը բարբառակիրների նկատմամբ լեզվական տարրական գիտելիքներ չունենալու հետևանք է:
Ի՞նչ նպատակներ և հեռանկարներ ունեք`բլոգի հետ կապված։
Բլոգ վարելու միտքը տվել են աշակերտներս, ես էլ մանկուց միշտ սիրել եմ տեսախցիկներ, հանրային ելույթներ ունենալ և մտածեցի, որ հրաշալի գաղափար է:
Դեռ կանոնավոր չեմ վարում բլոգս, բայց ուրախանում եմ, երբ գոնե իմ շրջապատի մարդիկ իմ շնորհիվ նոր բաներ են սովորում հայերենից:
Բլոգի հաջողության իմ չափելի արդյունքը հայերեն սովորել ձգտող լսարան ունենալն է: Լիահույս եմ, որ այդ մարդկանց թիվը օրեցօր կաճի:
Ի՞նչ պետք է անել, որպեսզի Արցախի բարբառային բառերն ու արտահայտությունները չկորչեն։
Այդ հարցում կարևոր է յուրաքանչյուրիս ճիշտ մոտեցումը: Երբ երաժիշտները բարբառով երգեր են երգում, բանաստեղծները ստեղծագործում բարբառով, ընտանիքում խոսում իրենց խոսվածքներով, այս փոքրիկ թվացող քայլերը նպաստում են մեր բարբառի պահպանմանը:
Ոչ բարբառակիր աշակերտներիս մոտ երբեմն բարբառով արտահայտություններ եմ ասում, որ սովորեն:
Բարբառը պահպանելու միտումը պետք է լինի ոչ թե զուտ օրակարգային հարց, որ գործնական քայլեր կատարենք և հաստատման նշանը դնենք, այն պետք է լինի մեր ապրելակերպի մասը:
Եթե պետք լիներ մեկ րոպեում ներկայացնել Արցախը միայն բառերի միջոցով, ո՞ր բառերը կընտրեիք։
Բարբառով ասեմ բառերը` տոն, տէղ, սըրտըհէռիչ ուժ, ամենաղաշյանգ սէր, ամենամէծ ու կուճուր խոխա, մէս ու արուն:
