Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ շտապօգնության մեքենա է ժամանել, որը հոսպիտալացնում է բնակիչներից մեկին։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է։

Բնակիչները դիմադրում են, թույլ չեն տալիս տրակտորներին մոտենալ տնակներին։  Ոստիկանները բերման ենթարկեցին երկու հոգու՝ բնակիչներից Արմանին և Ալինային։ Արմանը քարով կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին։ Ալինքն երեք ամսական փոքրիկ ունի։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։

Բնակիչները NEWS.am–ի հետ զույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։

Արդեն այսօր Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի ամբողջ գվարդիայով՝ շուրջ 50 մարդ։

Նշենք, որ հենց տրակտորն սկսեց աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրեց գիրկը և քարերով սկսեց հարձակվել տրակտորի վրա, նրան միացավ անչափահաս բնակիչներից մեկը։ Ոստիկանները հազիվ կարողացան նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։

Բաից այդ, վատացել է անչափահաս երեխաներից մեկի ինքնազգաղոցությունը, շտապօգնություն են կանչել։

Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։

Բնակիչներն ասում են, որ եթե նախապես՝ գոնե 2 ամիս առաջ պատշաճ իրենց տեղեկացրած լինեին, իրենք կփորձեին ինչ–որ բան անել, բայց մեկ օրվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրենց անչափահաս երեխաներին վերցնել, իրենց 30 տարվա իրերը հավաքել և այլ տեղ գտնել ապրելու։ Իրենց մի մասը հաշմանդամություն ունի, երեխաների մեջ էլ հաշմանդամություն ունեցողներ կան, ընտանիքում միայն մեկ հոգի է աշխատում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *