ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կոչով դիմել է իրավաբանների մասնագիտական համայնքներին  և ակադեմիական շրջանակներին։

Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության ու դատավճռի անգլերեն թարգմանություններն առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել (https://freearmenianprisoners.com/the-case-of-ruben-vardanyan-the-indictment-and-the-judgment-of-the-baku-military-court-of-azerbaijan/)  են և հասանելի են Free Armenian Prisoners կայքում։ Ընդհանուր ծավալով դրանք կազմում են մոտ 3300 էջ, և հիմք են դարձել, որպեսզի քաղաքացիական անձը Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից դատապարտվի 20 տարվա ազատազրկման։

Փաստաթղթերի հրապարակումը հնարավորություն է տալիս ծանոթանալ գործի նյութերին և պատկերացում կազմել,  թե ինչպիսին է եղել դատական գործընթացն Ադրբեջանում, ինչ «ապացույցների» վրա է այն հիմնվել և ինչ մեղադրանքների հիման վրա են Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում մնալ անազատության մեջ, քանի որ հրապարակված նյութերի զգալի մասը վերաբերելի է նաև մյուս հայ բանտարկյալներին։

Որպես ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ՝   այսօր ես դիմում եմ միջազգային իրավաբանական և ակադեմիական հանրության ներկայացուցիչներին՝ գործող իրավաբաններին, հետազոտողներին,  պրոֆեսորներին, իրավաբանական ֆակուլտետներին և մասնագիտական ասոցիացիաներին՝ կոչ անելով ուսումնասիրել այս փաստաթղթերը և տալ մասնագիտական գնահատական։

Կոչ եմ անում իրավաբանական ֆակուլտետներին և հետազոտական կենտրոններին այս գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այս գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից։ Այն առնչվում է արդար դատաքննությանը, արդարադատության որակին, մարդու  հիմնարար իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության առանցքային հարցերին։ Մասնագիտական հանրությունը լուրջ անելիք ունի, և չպետք է թույլ տա, որ առանց ապացույցների մեղադրանքներն ու դատապարտումները դառնան նախադեպ և ստանդարտ պրակտիկա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *