Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը. հեծանվորդները կհաղթահարեն Կիրանց–Ստեփանավան 177 կմ երկարությամբ երթուղին՝ 2400 մետր բարձրության հավաքով։

Միջանկյալ սպրինտը տեղի կունենա 61.4-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին բարձրունքը՝ Լերմոնտովոն (ծովի մակերևույթից 1869 մ), 81.5-րդ կմ-ին։ Հաջորդ երկու վերելքները կլինեն Օձունը (141-րդ կմ) և Մղարթը (153.5-րդ կմ), որից հետո մինչև եզրագիծ կմնա 23.5 կմ։ Եզրագիծը Ստեփանավանում ունի տեխնիկապես բարդ ընթացք։

Մրցաշարի ընթացքում ժամանակավորապես կգործեն երթևեկության սահմանափակումներ: Մասնավորապես՝ ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։ Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։ Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։

«Tour of Armenia»-ն հեռարձակվում է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV։

«Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ Առաջին մրցափուլը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 10-ին, այն մեկնարկել է Գավառից և ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով՝ ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *